ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Ռուսաստանի ագրեսիան կանխարգելելու վերաբերյալ» օրինագծի ընդունումը միջազգային ռազմական, քաղաքական ու դիվանագիտական առկա իրողություններին որակական նոր կերպ կհաղորդի: Այս օրենսդրական ակտի օրինական ուժի մեջ մտնելը պաշտոնապես կազդարարի Արևմուտքի երկրներին և բոլոր մնացյալներին, որ Ռուսաստանն այլևս պաշտոնապես է ԱՄՆ-ի կողմից ճանաչվել Չարի Կայսրություն, որի դեմ քաղաքակիրթ մարդկությունը պարտավորված կլինի պայքարել բոլոր հնարավոր միջոցներով՝ Վաշինգտոնի գլխավորությամբ: Դա փաստացիորեն հավասարազոր կլինի Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն, որովհետև օրինագիծը նախատեսում է ՆԱՏՕ-ի երկրների, նաև արևմտյան կողմնորոշում ունեցող նախկին ԽՍՀՄ որոշ հանրապետությունների ջանքերի համակցում, հանուն Ռուսաստանի ծավալապաշտական նկրտումների կասեցման: Ադրբեջանը ևս դիտարկվում է որպես այդ ապագա ռազմականացված դաշինքի լիիրավ անդամ և ակտիվ մասնակից, հակառակ այն հանգամանքին, որ եվրոասոցացման համաձայնագիրն այդ երկիրը չստորագրեց, ինչպես և Հայաստանը: Ամենայն հավանականությամբ, կսրվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայքարն Ադրբեջանի բարեհաճությունն ու դաշնակից դառնալու վերաբերյալ նրա համաձայնությունը ստանալու համար: Ալիևը բավական դժվար ընտրության առջև է կանգնած՝շարունակել մնալ Ռուսաստանի երդվյալ, բայց ծպտյալ թշնամի՞, թե՞ հռչակել այդ թշնամության գաղտնի շրջանի ավարտն ու անցնել բացահայտ, ակտիվ հակառուսական գործողությունների: Մենք «ընտրության» միայն մեկ տարբերակ ունենք՝ հաղթել մեզ պարտադրված պատերազմում, անկախ այն բանից, թե այդ պատերազմը պարտադրողն ով կլինի: